Խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր ժամանակ առ ժամանակ տարբեր
կարծիք-եզրահանգումներ ու հարցադրումներ են անում ՖԲ գրառումներիս մեկնաբանություններում` Սերժ Սարգսյանի առնչությամբ:
Նախ արձանագրեմ` ես Սերժ Սարգսյանի փաստաբանը չեմ և ո՛չ էլ նա իմ պաշտպանության կարիքն ունի: Պարզապես, իմ ընդդիմախոսների առաջադրած հարց-առարկություններին հարկ եմ համարում պատասխանել ներկայացնելով սեփական դիրքորոշում-եզրահանգումներս:
Եվ այսպես, սկսենք ամենասկզբից`
ա) ՀՀ 3-րդ նախագահն ինչու՞ ինքնակամ «հանձնեց» իշխանությունը: 2018 թ. իշխանազավթման գործընթացում, Սերժ Սարգսյանին դեմ էին աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները, որոնցից մեկը, ի դեպ, որ
2008-ին դեմ չէր ՀՀ 2-րդ նախագահին, 2018-ին դեմ էր ՀՀ 3-րդ նախագահին:
Չուբայսի արև, թե սուտ եմ ասում:
բ) Ինչու՞ գերագույն գլխավոր խառնակիչ-բանսարկուն չկալանավորվեց ռադիոտան դռները կոտրելուց և շենք ներխուժելուց հետո:
Չկալանավորվեց որովհետև այդ ժամանակ նրա շուրջ հավաքված էին մի քանի տասնյակ մարդիկ, ու որպեսզի հանրությանը չգրգռեն, որոշվեց պատասխանատվության ենթարկել մի քանի օրից:
Իսկ ինչու՞ կալանավորվեց և մեկ օր անց ազատ արձակվեց:
Ամեն ինչ կատարվեց աշխարհաքաղաքական անհամատեղելի կենտրոնների` այս հարցում մեկտեղված կամ համատեղված (ինչպես կուզեք) ճնշումների ներքո:
Փաստեմ` Սերժ Սարգսյանը բախտ չուներ լինելու միջուկային գերտերության ղեկավար, որպեսզի թքած ունենար հիշյալ կենտրոնների ճնշումների վրա և հարցերը լուծեր գեղական կարգով…
Ցավոք, ՀՀ-ն խոցելի էր և ուներ թշնամաբար տրամադրված երկու հարևաններ, որոնք 2-3 ամսվա ընթացքում գերհաճույքով կհոշոտեին Հայաստանը:
գ) Ինչու՞ 2008-ին, այնուամենայնիվ, հաջողվեց կասեցնել իշխանազավթումը, իսկ…
Սկսեմ նրանից, որ 2018-ի դրությամբ Սերժից պահանջում էին 5 շրջան, իսկ 2008-ին չկա՛ր նման պահանջ:
2018-ին Սերժ Սարգսյանն ընդդիմանում էր շրջանները հանձնելուն, հետևապես… նրան պետք էր հեռացնել:
Հավելեմ` վերոնշյալ աշխարհաքաղաքական կենտրոններից մեկը` միջուկային գերտերություն, 2008-ին այլ կեցվածք էր դսրսևորել, այն է` սատարում էր Հայաստանի ղեկավարին:
Նաև` ՀՀ 2-րդ նախագահի մեջքին կանգնած էր Սերժ Սարգսյանի պես տղան:
Իսկ 2018-ին, Սերժը մի քանի տասնյակ պատգամավորներով, մնացել էր մենակ:
«Դը՜մփ-դը՜մփ հու՜ու՜ու՜» անիմաստությունը գոռացող բիոզանգվածը մի կողմից, գերտերությունների ճնշումը մյուս կողմից, դրանց էլ գումարած երախները բաց, միշտ հափռելու պատրաստ հարևան թշնամի պետությունները մեկտեղված անհամբեր սպասում էին, թե ե՛րբ է Սերժը վրիպելու:
դ) Ինչու՞ 2017-ին «Ելքը» մտավ պառլամենտ: Որովհետև Սերժ Սարգսյանը փորձում էր բալանսավորված հարաբերություններ պահել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ, որպեսզի Հայաստանը քիչ խոցելի լինի:
ե) Ինչու՞ Արմեն Սարգսյանը դարձավ նախագահ:
Կարևոր հանգամանք, ինչը խստագույնս զայրացրել էր միջուկային գերտերություններից մեկին:
Սերժ Սարգսյանն ընդդիմանում էր 5 շրջանների հենց այնպես հանձման տարբերակին, առաջարկում էր հարցի լուծման փաթեթային տարբերակը: Ինչը նշանակում էր` 5 շրջանը կտամ Արցախի կարգավիճակի հստակեցումից և անվտանգության երաշխիքներից հետո միայն: Նման պարագայում Արմեն Սարգսյանը պետք էր որպես «ջոկեր»` Լոնդոնի հետ ճիշտ հարաբերություններ ունենալու տեսանկյունից:
Կարծում եմ` ոչ ոք չի հերքի, որ թագավորական ընտանիքի ամենամտերիմ հայազգին հենց Արմեն Սարգսյանն է:
զ) Որպես պատասխան այն հերյուրանքների, թե Սերժ Սարգսյանը «սխալ հարաբերություններ» է պահպանել Կրեմլի հետ, փաստեմ` այդ «սխալ հարաբերությունների» շնորհիվ Կրեմլը (շեշտեմ` Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին) ՀՀ-ին տրամադրել է 50 հազար տոննա անվճար զենք և զինամթերք: Հայաստան է բերվել «Իսկանդեր»: Այդ ժամանակ Հայաստանն աշխարհում 2-րդ պետությունն էր, որը նման զենք ուներ:
Ողջ ասվածին հավելեմ` 2016-ի ապրիլյան քառօրյայի հաղթանակով, երբ Ադրբեջանն աղերսում էր զինադադար, տարածաշրջանում Սերժը մեծ արհավիրք կասեցրեց:
Ի դեպ, այդ օրերին մեկն էլ կար, որ անհամբեր սպասում էր, Սերժի պարտությանը, որպեսզի ինքը գա իշխանության:
Այդ նույն անձն իր ամբողջ ուժով և մարդկային ռեսուրսներով 2018-ին աջակցում էր «մերժել սերժին» գործընթացին, թեպետ հրապարակավ ձևացնում էր, թե ինքը դեմ է տեղի ունեցողին:
է) Ինչու՞ 2011-ին ստահակն ազատ արձակվեց:
Որովհետև ողջ անգլո-սաքսական աշխարհը ճնշում էր Սերժին, թե իրենց տականքը քաղբանտարկյալ է և պետք է դուրս գա բանտից:
ը) Իսկ թե 2012-ին «ազգակործան պատուհասն» ինչու՞ դարձավ պատգամավոր, գնացե՛ք ու հարցրեք ԼՏՊ-ին և ՀԱԿ-ի օգտին քվե տվածներին:
Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ